National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
25.11.2019
Հայ խորհրդարանականներն ամփոփել են ԱՄՆ կատարած առաջին պաշտոնական այցը
1 / 5

Նոյեմբերի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Մակունցը, խմբի անդամներ Վահե Էնֆիաջյանը, Էդմոն Մարուքյանը եւ Տաթեւիկ Հայրապետյանը  մանրամասներ են ներկայացրել ԱՄՆ կատարած առաջին պաշտոնական այցի վերաբերյալ: 
 
Լիլիթ Մակունցը խոսել է ԱՄՆ-ի Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում տեղի ունեցած հանդիպումների, կոնգրեսականների հետ հաստատած կապերի մասին: Բարեկամական խմբի ղեկավարն անդրադարձել է նաեւ առանձին փորձագետների հետ հանդիպումներին՝ դրանք գնահատելով բավականին հետաքրքիր:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունները եւ համագործակցությունն ինստիտուցիոնալ մակարդակի վրա բարձրացնելուն առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ բարեկամական խումբը հանդես է եկել առաջարկով՝ թե Ամերիկայի հայ դատի հանձնախմբի եւ թե մյուս կառույցների հետ ստորագրել փոխգործակցության հուշագիր՝ մասնավորապես մարդու իրավունքների, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, ինչպես նաեւ կոռուպցիայի կանխարգելման ուղղություններով:

Հայ խորհրդարանականները Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի  գործընկերներին նաեւ առաջարկել են ընդունել Հայաստանին աջակցող ակտ, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները խորհրդարանական հարթակում կունենան մի շարք ուղղություններով եւ ձեւաչափերով ամրակայուն փաստաթուղթ: Առաջարկը, ըստ Լիլիթ Մակունցի, ողջունել են ԱՄՆ գործընկերները: «Կոնգրեսական Ֆրենկ Փալոունի հետ պատրաստվում ենք առաջ տանել այս գաղափարը եւ այն կյանքի կոչել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատել այդ ուղղությամբ»,-նշել է բարեկամական խմբի ղեկավարը: Այցից հետո հայ խորհրդարանականները պատրաստվում են գրավոր առաջարկներ ուղարկել կոնգրեսականին:

Էդմոն Մարուքյանը կարեւորել է HDP (House democracy partnership)  ձեւաչափով համագործակցության խորացումը եւ ինստիտուցիոնալ մակարդակում հարաբերությունների զարգացումը: Նա այցը գնահատել է շատ հաջողված:

Վահե Էնֆիաջյանն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները ինստիտուցիոնալ մակարդակի հասցնելը եւ կարեւորել բոլոր հարթակներում արդարացի եւ հայանպաստ որոշումներ եւ լուծումներ ունենալը:

Տաթեւիկ Հայրապետյանը տեղեկացրել է, որ այցի ընթացքում հանդիպումներ են եղել նաեւ վերլուծական տարբեր կենտրոններում. վերլուծաբանների շրջանում մեծ է եղել հետաքրքրությունը Հայաստանի ներքաղաքական եւ արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ:

Արցախյան հիմնահարցի առնչությամբ հայ խորհրդարանականները հստակ շեշտադրումներ են արել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկն է: Լիլիթ Մակունցը նշել է, որ իրենք հրավիրել են կոնգրեսականներին Արցախի Հանրապետությունում կայանալիք համապետական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու համար:

Հայ-ամերիկյան հարաբերությունների համատեքստում հայ խորհրդարանականները կարեւորել են Հայոց ցեղասպանության ճանաչումը, ընդգծել, որ այդ կապերի շրջանակը պետք է ընդլայնել՝ ներառելով հայաստանյան օրակարգը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am